Նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի 2014 թ. և 2015 թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:
Նախագահը նշել է, որ խորհրդակցություններ անցկացվելու են նաև մյուս մարզերի վերաբերյալ, և չնայած մարզային խնդիրների շուրջ Տավուշի մարզպետի մակարդակով հանդիպումները պարբերական են եղել, այս խորհրդակցությանն ակնկալում է լսել առավել հանգամանալից զեկույց՝ ըստ առանձին ոլորտների: «Պատճառը շատ պարզ է: Նկատել եմ, որ այն խնդիրները, որոնք լուծումներ են ստանում, զարգացման այն միտումները, որ կան մարզում և, առավել ևս, այն խնդիրները, որոնց լուծումներն ուշանում են, շատ դեպքերում հասանելի և հասկանալի չեն մեր քաղաքացիների համար, այն մարդկանց համար, ովքեր այդ լուծումների առաջին շահառուներն են: ՈՒստի, ցանկանում եմ, որպեսզի այս քննարկումներն առանց ինձ շարունակվեն մարզում, հատկապես՝ խոշոր համայնքներում, որպեսզի մարդկանց համար այս խնդիրները տեսանելի և հասանելի լինեն: Ես կարծում եմ, որ խորհրդակցության առիթը լավ խթան կարող է հանդիսանալ, որպեսզի այս պատրաստի նյութերով մոտակա ժամանակներս մարզում քննարկումներ անցկացնեք: Բացի այդ, կցանկանայի, որ որոշակի տեղեկություններ տայիք մարզի հիմնախնդիրների վերաբերյալ, որոնց լուծումները համարում եք առաջնահերթ: Ինձ առավել հետաքրքրում է մարզում ազատ աշխատուժի որակավորման կամ հնարավոր վերաորակավորման խնդիրների վիճակը: Հետաքրքիր է նաև, թե որո՞նք են մարզի ներդրումային հնարավորությունները, բացի հայտնիներից, որ կան, և ինչպիսի՞ ներդրումային առավելություններ ունի մարզը, որովհետև ցանկալի կլինի, որ ներդրողների հետ լուրջ աշխատանք տարվի նաև մարզային մակարդակով: Իհարկե, ինձ համար առավել հետաքրքիր է արդեն կոնկրետ գործերով այն հանձնարարականների կատարման ընթացքը, որ ստացել եք: Նկատի ունեմ Բերդի տարածաշրջանում տեքստիլ ձեռնարկության գործունեությունը և այն օժանդակությունը, որ հիմա ստանում է ձեռնարկությունը: Կա՞ դեռևս չլուծված խնդիր: Կուզեի տեղեկություններ ստանալ Դիլիջանի զարգացման ծրագրերի մասին. ուզում եմ տեսնել այն հանձնարարականները, որոնք ստացել եք, կատարվել են, թե՞ ոչ, խորհուրդ ստեղծվե՞լ է, թե՞ ոչ, խորհուրդն ինչպե՞ս է աշխատում, և եթե չի ստեղծվել, ինչո՞ւ չի ստեղծվել: Իհարկե, նաև վերջին հանձնարարությունը՝ կապված սահմանամերձ բնակավայրերի այն մարդկանց կրած վնասների հաշվառման հետ, ովքեր տուժել են այս վերջին իրադարձություններից»,- խորհրդակցության սկզբում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ տարբեր ծրագրերի շրջանակներում բավականին աշխատանքներ են իրականացրել Տավուշի մարզում, կան նաև խնդիրներ, որոնք վերաբերում են սահմանամերձ համայնքներին։
«Անցած տարի մենք ունեցանք 24 սահմանամերձ համայնք, որոնք Ձեր հանձնարարությամբ ստացան համապատասխան արտոնություններ կառավարության կողմից։ Արտոնություններն ստանալուց հետո ունենք բավականին ոգևորիչ իրավիճակ այդ համայնքներում»,- ասել է Տավուշի մարզպետը։ Նա զեկուցել է Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի, հիմնախնդիրների և գերակայությունների մասին՝ ըստ ոլորտների՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, կրթություն, առողջապահություն, մշակույթ և սպորտ, բնապահպանություն և այլն, վիճակագրությունն ու հիմնախնդիրների լուծման հնարավորությունները: Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ: Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը նոր հանձնարարականներ է տվել: